Վանա լճի արևածագի ու մայրամուտի կատուն - Наша Армения
Без рубрикиВ мире интересногоЗанимательноеИнтересные фактыоб Армении

Վանա լճի արևածագի ու մայրամուտի կատուն

"Shirak Centre" NGO Վանա կատուն մեր ազգային հարստությունն է

«Վանա կատու» ասոցիացիայի և պաշտպանության ֆոնդի հիմնադիր Իրինա Թադևոսյան

 

Էկզեմայով տառապող տղամարդը որոշել էր Վանա կատու պահել։ Կատուն այնքան էր սիրում իր տիրոջը, որ անընդհատ լիզում էր նրա դաստակների վերքերը։ Կատվի հոգատարության շնորհիվ տղամարդն ամբողջովին ազատվեց մաշկային հիվանդությունից

Անի Լիպարիտյան

Վանի անունով Վանա կատուն գիշերը քնում է լվացարանի մեջ։ Օրվա ընթացքում տան տերերը հաճախ են լվանում ձեռքերը, ու լվացարանը խոնավ է մնում։ Այս տարօրինակ մահճակալի հանդեպ ունեցած նմանօրինակ սերը զարմանալի չէ, քանի որ Վանին այն յուրահատուկ կատուների տեսակին է պատկանում, որոնք սիրում են ջուրը։ Նրանք իրենց լավ են զգում ջրում, բացի այդ, նրանք լճերում, գետերում և այլ ջրային տարածքներում լողում են` ձուկ բռնելու համար։

Վանա կատվի բնավորության այս և այլ հետաքրքիր մանրամասների մասին Sputnik Արմենիային պատմեց «Վանա կատու» ասոցիացիայի և պաշտպանության ֆոնդի հիմնադիր Իրինա Թադևոսյանը։

«Շատ զվարճալի է։ Առավոտյան մենք մտնում ենք լոգարան լվացվելու, իսկ այնտեղ կատուն է քնած։ Զվարճալի տեսարան է։ Նույնիսկ երբ ես նրանց լողացնում եմ, Վանա կատուները թույլ չեն տալիս չորացնել իրենց, նրանք ինքնուրույն են դա անում, վազում են, թափ են տալիս իրենց, իսկ ամռանը պառկում են արևի տակ ու չորանում», — պատմում է Իրինան։

Լեգենդի համաձայն` Աստված օրհնել է կատվին, որպեսզի նա վերացնի սատանայի ստեղծած մկանը, որը փորձում էր կրծել Նոյյան տապանի հատակը` այն խորտակելու համար։

Կատվին հաջողվել է կատարել իր գործն ու փրկել Նոյին, այսինքն` ողջ մարդկությանը։ Որպես երախտագիտություն` Արարիչն օրհնել է նրան ու իր աջը դրել նրա վրա։ Այսպես էլ ստեղծվել է Վանա կատուն`իր ծիրանագույն գունավորմամբ։

Անհայտ փաստեր Վանա կատվի մասին

Որոշ տվյալներ վկայում են, որ առաջին տնային կատուները հայտնվել են հենց Հայկական լեռնաշխարհում

Մի քանի տարի առաջ կատուների պոպուլյացիան կազմում էր շուրջ 400 հատ, նրանք բնակվում էին Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի տարածքում, Եվրոպայում և մի շարք այլ երկրներում։

Ի տարբերություն այլ տեսակների` Վանա կատուն սելեկցիայի արդյունքում չի ստեղծվել։

Վանա կատուները հայկական բնավորություն ունեն` նրանք շատ ընկերասեր են, գեղեցիկ, միս են սիրում ու շատ ակտիվ են։ Վանա կատուն ամենախոշոր տեսակներին է պատկանում` մեծ կատվի քաշը կարող է հասնել 10 կգ-ի, իսկ էգ կատվինը` 4.5-ից մինչև 6 կգ-ի։

Այս տեսակը տարբերվում է նրանով, որ նրանց գլուխն ու պոչը ծիրանագույն են։ Պատկերավոր ասած` Վանա կատուն հայկական ծիրանի կամ Վանա ծովի արևածագի ու մայրամուտի գույնն ունի։

Կատուների տեսակների բազմազանության մեջ Վանա կատուն միակն է, որ սիրում է ոչ միայն ջրում լողալ, այլև հատուկ ջուրը մտնել` ձուկ որսալու համար։

Նրանք լողորդի կազմվածք ունեն` լայն կրծքի ու ճանկերի մեջ թաղանթի առկայության շնորհիվ կարողանում են լավ լողալ։

Ժամանակին հայկական ընտանիքներում Վանա կատվի յուրահատուկ պաշտամունք կար` յուրաքանչյուր տանն այս արքայական կենդանուն հատուկ տեղ էր հատկացվում։

Այս կատուները նյարդերը հանգստացնող հատկություն ունեն։ Գոյություն ունի ֆելինոթերապիա հասկացությունը, այսինքն` կատվաբուժություն։ Բացի այն, որ նրանք հաճույքով խաղում են մարդկանց հետ, կարող են նաև ժամերով նստել մարդու գրկում կամ նրա կողքին` հանգստացնելով նրա նյարդերը։

Եվս մեկ հետաքրքիր փաստ` նրանք բուժում են մարդկանց։ Զգում են մարդու ցավոտ տեղը, հպվում են այդ տեղին, սկսում տաքացնել ու լիզել այնքան ժամանակ, մինչև մարդն ապաքինվում է։

Վանա կատուները հիպոալերգեն են, քանի որ սիրում են լողալ և լողանալ։

Էգ վանա կատուները շատ խելացի են։ Իրենց ձագերին դեռ վաղ հասակից նրանք սովորեցնում են ճիշտ լողալ, սնվել և «զուգարան գնալ»։

Թուրքական անգորական կատու կա` սպիտակ ու կապուտաչյա, որոնց Վանա կատուների հետ են խաչասերել։ Սելեկցիոն եղանակով ծնված կատուները երբեմն լսողական արատներ են ունենում։ Եթե աչքերից մեկը երկնագույն է, ապա նրանք այդ կողմի ականջից խուլ են», — ասաց Իրինան։

Տարբեր գույնի աչքեր ունենալը Վանա կատվի առանձնահատկությունը չէ, նրանք տարբերվում են կոնկրետ գույնով, սպիտակ` ծիրանագույն հատվածներով։ Իսկ աչքերի տարբեր գույնը նրանց մոտ ի հայտ է գալիս պատահական։ Տարբեր գույնի աչքեր ունեցող զույգից կարող են միագույն աչքերով ձագեր ծնվել։

Ասում են, որ եթե գոնե մեկ անգամ նայես Վանա կատվի աչքերին, դրանց մեջ կարող ես ապագադ տեսնել։ Կա նաև մեկ այլ հավատալիք, որի համաձայն` եթե երազում տարբեր գույնի աչքեր ունեցող կատու տեսնես, երջանկություն կունենաս, քանի որ նրանք հրեշտակների ընկերներն են։ Իսկ եթե երազում տեսնես, որ այդ կատուն նաև սպիտակ է` հասած ծիրանի գույն ունեցող պոչով, ապա բախտը քեզ կրկնակի է ժպտացել։ Թեկուզ երազում, սակայն տեսել ես Հայկական լեռնաշխարհի հպարտություն Վանա կատվին։

 

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *