ՀԱՅԻ ԵՐԴՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
— Երդվի՛ր,
Որ մինչ նախնյացդ հողին հանձնելը,
Հուրն անմար հուշի չես թողնի հանգչի:
— Երդվո՛ւմ եմ…
— Երդվի՛ր,
Որ ալ արյանդ վերջին կաթիլը
Կտաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի:
— Երդվո՛ւմ եմ…
— Երդվի՛ր,
Որ մինչ հայրերիդ հողն ազատելը,
Հանգիստ ու դադար դու չես ճանաչի:
— Երդվո՛ւմ եմ…
— Երդվի՛ր,
Որ հզոր երկիր նորից կերտելը,
Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի:
— Երդվո՛ւմ եմ…
— Երդվի՛ր,
Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը,
Պահպանելն արթուն լույսն է քո աչի:
— Երդվո՛ւմ եմ…
-Երդվի՛ր,
Որ նոր սերնդիդ Արի կրթելը,
Մեծացնելն անթույն ձևն է քո աճի:
— Երդվո՛ւմ եմ…
— Երդվի՛ր…
-Երդվո՛ւմ եմ
Արևով արյան, որ տե՛րն եմ Հայ Տան`
Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:
— Երդվո՛ւմ ենք…
Արսեն Համբարյան