ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն ու ստորագրահավաքն Արցախը կանգնեցրել են աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ։ Բաբայանի ու նրա կողմնակիցների վերջին հարցազրույցներն ակնհայտորեն նման են սադրանքի, հրապարակ են նետվում վտանգավոր թեզեր, դրանց շուրջ ստեղծվում է հանրային համապատասխան վերաբերմունք, ապա Բաբայանի գրասենյակը հանդես է գալիս «հանգստացնող» հայտարարություններով։ Ես նման հարցադրում չեմ անում՝ կտապալվի, թե չի տապալվի, վստահ եմ, որ առողջ ուժերը կգիտակցեն և կփորձեն գնալ ավելի մեղմ ճանապարհով և ցնցումների չբերել երկիրը՝ իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ճակատագրին վերաբերող հարցին այսպես է անդրադարձել Բաբայանը՝ հարցազրույց տալով «Ժամանակ» օրաթերթին։ ՊԲ նախկին հրամանատարի ակնարկած «ցնցումները» բացահայտել է նրա կողմնակիցներից մեկը։ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ասել է, որ Բակո Սահակյանի իշխանության վերջը եկել է, կա Հայաստանի օրինակը, և ժողովուրդը ոտքի է կանգնելու ու քշի-տանի բոլորին: Պատահական չէ, որ թերթերից մեկը երեկ զարգացրել է արցախյան «հեղափոխության» թեման՝ գրելով, թե Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։ Սամվել Բաբայանի գրասենյակն իհարկե այս տեղեկատվությունը հերքել է, սակայն տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ ՊԲ նախկին հրամանատարը պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխության։ «Այսօր հեռավոր 2000-ականներին վերադառնալը ուղղակի անիմաստ է և անկարելի։ Այսօր մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ուր են գնում և ինչի համար։ Իսկ օրենքով սահմանված հանրահավաքներ (ԱՀ սահմանադրություն, գլուխ 2, հոդված 44) տեղի կունենան անպայման անօրեն իշխանություններին օր առաջ պետական կառավարումից հեռացնելու և օրինական ընտրություններ անցկացնելու համար, որտեղ ժողովուրդը կարտահայտի իր կամքը։ Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է, և նոր տապալողներ, առավել ևս Սամվել Բաբայանի անձի շուրջ, չփորձեք փնտրել։ Մենք աշխատելու ենք միայն օրենքով սահմանված կարգով, ապօրինությունները ձեզ են բնորոշ։ Կոչ ենք անում չխառնել դեմքերն ու դերերը»,- կարդում ենք Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության տեքստում։ Այսպիսով՝ Արցախում հասունանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Սամվել Բաբայանը փորձառու գործիչ է ու թերևս գիտակցում է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքական ազդեցիկ շրջանակներում իր հավակնությունների դեմ ձևավորվել է կոնսենսուս, ինչի պայմաններում իր նախաձեռնած հեղափոխությունը հաջողելու որևէ ռեսուրս չունի և ավելի շատ նման է արկածախնդրության։ Արկածախնդրությունը խորթ չէ Բաբայանին, սակայն այս դեպքում Արցախի հերոսը հազիվ թե որոշեր «խաղալ կրակի հետ»՝ չունենալով համապատասխան երաշխիքներ։ 8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։
Проверить также
Close