
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Մակյանի նախագահությամբ, քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը նախ նշեց, կալանքն անտեղի է:
Մանուկյանն ասաց, որ իրեն շատ է հետաքրքրում դատարանի մարտավարությունը: «Դուք պարզ տեսնում եք, որ Արմեն Բիլյանը այդ պատահական կրակոցի հեղինակը չէ: Մինչև այսօր ընթացքը տանում է նրան, որ փաստացի ապացուցվում է, որ Արմեն Բիլյանը նույնիսկ ներկա չի եղել, որը չի ժխտում և ոչ ոք: Բայց փաստացի անհարկի Արմենի խափանման միջոցը չի փոխվում»,-դիմելով դատավորին` հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:
«Հետագայում որ բացահայտեք Արմեն Բիլյանի անմեղ լինելը, ի՞նչ է լինելու: Այսքան երկար ժամանակ կալանքի տակ մնալու խնդիրն ինչո՞ւմն է»,-ասաց Մանուկյանը:
Պավլիկ Մանուկյանը նաև հայտարարեց. «Ինչ ասել եմ, ճշմարտություն եմ ասել: Ես ոչ վախեցել եմ ապստամբությունից, ոչ վախեցել եմ մահվանից և ոչ էլ ճիշտն ասելուց:
Եթե հարկ լինի, եթե այս իշխանությունները կշարունակեն նախկինների սրիկա վարվելակերպը, էլի մնում եմ նույն ապստամբը»:
https://www.tert.am/am/news/2019/09/25/Pavlik-manukyan/3102150?fbclid=IwAR2gD5YKpqnjFKAXKboUD9nEAkKo2XNtppaIK4UIFYYG4qJVOx-vgJzWikI