Авторская программаАрмянеАрмянский языкЛюди

ԳԵՎՈՐԳ ԶԱՐԵՆՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ

ԶՐՈՒՅՑ ՀԱՅԵԼՈՒ ՀԵՏ
Շրջանակում քո, հայելի,
Ինձ ինչու՞ ես ծեր ցույց տալիս,
Չէ՞ որ սիրտս նույնն է էլի,
Եվ նույն կերպ է խնդում, լալիս..
Երե՞կ չէր, որ ոտաբոբիկ
Մեր տան մոտիկ Առվի ափին
Ամռան տապին
Պառկում էի տաք ավազին
Ու թևերով իմ երազի
Ճախրում էի հեռու՜-հեռու՜,
Աստղեր բռնում, ներքև բերում…
Երե՞կ չէր, որ հարևանի
Եղեգիրան ու գեղանի
Աղջիկը հուր աչքի բոցով,
Անկրծքակալ, ծիրան ծոցով
Սիրտս մտավ, որ այնուհետ
Ապրի այնտեղ հար ու հավետ,
Ապրի որպես առաջին սեր,
Միշտ անկատա՜ր, միշտ կարեվե՜ր…
-Չէ՛, երեկ չէր,-ասում ես ինձ
Ու ցավերիս անկարեկից՝
Զույգ հոնքերիս կամարներում
Սևը ճերմակ ես նկարում,
Ակոսում ես դեմքս անփույթ
Ժամանակի խոփով անգութ,
Երկու աչքս չորս ես անում
Եվ այնպե՜ս ես խարազանում,
Որ խեղճանում, կուչ եմ գալիս,
Նորից, նորից հարց եմ տալիս,
Երե՞կ չէր, որ…
-Չէ՛, երեկ չէր,-
Նետում ես դու իմ ճակատին,
Տարիներ են եկել-անցել՝
Նմանվելով ակնթարթի:
Ի՜նչ փույթ, թող որ այդպես լինի,
Ո՜վ դատավոր, իմ հայելի,
Միայն կուզեմ, որ հավատաս,
Բարձունքներում, հեռու՜, անհա՜ս,
Սիրտս ուզում է թևածել,
Ախր նա դեռ չի՜ ծերացել,
Ուզում է, որ սիրվի էլի,
Ինչպես սիրտը խենթը ջահելի,
Իմանալով, որ այս կյանքում,
Երբ սեր չկա, մահն է հաղթում…

                                          ԳԵՎՈՐԳ  ԶԱՐԵՆՑ
(Ժորա Առաքելի Ղազարյան)

Ծնվել է 1929թ փետրվարի 1-ին, Իջևանի շրջանի Մելիք գյուղում (Ծաղկավան)։
Յոթ տարին լրանալուն պես հաճախում է դպրոց։ 1940թ-ին գործուղում են Կարմիրի շրջան,ընտանիքը հանգրվանում է Վերին Ճամբարակ գյուղում։Իսկ ապագա բանաստեղծը գնում է Դիլիջանի շրջանի Շամախյան գյուղը, պապ ու տատի  մոտ՝ ապրելու և սովորելու տեղի դպրոցում։Սովորելու տարիներին ակտիվ մասնակցություն է ունենում դպրոցի և գյուղի ակումբի ինքնագործ խմբերի ուժերով կազմակերպվող միջոցառումներին՝ հանդես գալով դերակատարություններով, որպես ասմունքող և այլն։ Ու մի օր էլ դպրոցում ազատ թեմայով հանձնարարված շարադրությունը փորձում է գրել հանգավորված։ Այդ մանկամիտ փորձը բավական է լինում, որ դպրոցում, իսկ այնուհետև գյուղում, հռչակեին նրան բանաստեղծ։Ավարտելով տեղի յոթնամյա դպրոցը,  ուսումը շարունակում է Կրասնոսելսկի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում։
1946-ի գարնանը ընտանիքի հետ տեղափոխվում է Դիլիջան։Սովորելու հետ միասին ցանկություն է հայտնում աշխատելու թատրոնում, և ազատ հաստիք չլինելու պատճառով 2 տարի աշխատում է  առանց աշխատավարձի։Սկզբում` փոքր, իսկ այնուհետև լուրջ դերերով հանդես է գալիս մի շարք բեմադրություններում։Ավագ խաղընկերները խորհուրդ են տալիս մեկնել Երևան՝ սովորելու թատերական ինստիտուտում։Սակայն նրա երազանքն ուրիշ է լինում՝ սովորել միջնկարագ և այնուհետև համալսարանի կամ մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։Մինչ այդ սովորում է մանկավարժական ուսումնարանում, որը 1950-1951 ուստարվա ավարտից հետո լուծարվում է, և ուսումը շարունակում է  Երևանի մանկավարժական ուսումնարանում։Այն ավարտելուց հետո վերադառնում է Դիլիջան, որպեսզի թև ու թիկունք լինի ծնողներին։Սակայն նրանք ցանկանում են, որ իրենց որդին շարունակի ուսումը, իրականացնի իր վաղեմի երազանքը՝ ստանալով բարձրագույն կրթություն։
Ուսման տարիներին աչքի է ընկնում իր առաջադիմությամբ, դառնում ֆակուլտետի ձեռագիր  «Գրական թերթ»-ի խմբագիրը։Առաջին կուրսն ավարտելուց հետո ամուսնանում է։1954թ-ի ապրիլին ունենում է առաջնեկին։
Ինստիտուտն ավարտելուց հետո, 1956թ-ից աշխատում է Սևքար գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես շարքային ուսուցիչ։Երկու տարի անց հրավեր է ստանում  ՀԿԿ Դիլիջանի նորաստեղծ քաղաքային կոմիտեից՝ աշխատելու նոր ստեղծվող քաղաքային թերթի խմբագրությունում։Շուրջ 26 տարի աշխատլով, ավելի քան 15 տարի զբաղեցնում է խբամգրի տեղակալի պաշտոնը։
1984թ մարտի 16-ից տեղափոխվում է քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժին՝ աշխատելով որպես վարիչ։Աշխատելու տարիներին զարկ է տալիս գեղարվեստական ինքնագործ խմբերի զարգացմանը, ձեռնամուխ է լինում մշակույթի օջախների վերակառուցմանը, դրանց նյութատեխնիկական բազայի հաստատմանը։Չորս տարի աշխատելուց հետո քաղկոմի նորընտիր առաջին քարտուղարի որոշմամբ ազատվում է աշխատանքից։
Կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվում է տասնամյակների ընթացքում գրած ստեղծագործությունները կարգի բերելով՝  հույս ունենալով, որ մի օր կհրապարակվի իր ստեղծագործությունների և  պատմվածքների ժողովածուները։
Բանաստեղծը մահանում է 1993թ.  փետրվարի 5-ին՝ 64 տարեկան հասակում։
2008թ-ին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հովանավորությամբ լույս է տեսնում «Միջօրեի ղողանջներ» հեղինակի երկրորդ գիրքը։

ՊԱՏԱՍԽԱՆ
Ինձ ասում են` ուշացել ես…
Տես, ճերմակը կամաց-կամաց
Բույն է դնում մազերիդ մեջ,
Ուրեմն` վե՛րջ…
Դու` կրակ ես մոխիր դարձած,
Էլ չես վառվի
Դու` սրինգ ես կիսից ջարդված, էլ չես հնչի,
Այնպես, ինչպես
Ցցաչորը կյանքում երբեք չի կանաչի,
Ուշացե~լ ես…
Մոռանում են սակայն նրանք,
Որ ճերմակն այդ
Նշանը չէ իմ ծերության,
Որ իմ կյանքում
Իմ տեսածի,
Զգացածի
Սև պահերն են փողվել այդպես ճերմակության:
Ես կվառվեմ
Այն օջախի կրակի պես,
Որին տերը անթեղում է ու հանդ գնում,
Ես կհնչեմ ամբողջ հոգով,
Աչքի լույսի նման պահած սրնգի պես,
Այն սրնգի,
Որի զինվոր
Տերը մի օր
Տուն է դառնում հաղթանակով:
ԵՎ, վերջապես,
Կկանաչեմ այն ծառի պես,
Որի գլխով
Շա~տ հողմեր են իրենց անհոգ խաղով անցել,
ԵՎ ճյուղեր են ջարդել, գցել,
Սակայն ծառն այդ
Իր արմատից չի՛ չորացել…
Չե՛մ ուշացել…

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button