Армянские талантыДокументальное киноЖизнь замечательных людей..ИменаИсторические персоныЛюдиНациональные герои АрменииЧтобы помнили

1993 թ հունիսի 12- ին զոհվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը

 

 

1993 թ հունիսի 12- ին զոհվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյան

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Մոնթե Չարլզի Մելքոնյան (Ավո), արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից, Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։

Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդ տարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղան ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը…
Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։
1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երեւակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւ ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։
Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները եւ կացարանները չափագրելու եւ ուսումնասիրելու համար։
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւոր դեմքը Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:
լ: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:
1989 թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թ.-ին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էր հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։

1991 թվականաի օգոստոսի 3-ին Գեղարդում Մոնթեն ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ

Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո անվանումը։Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։
Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ եւս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր՝ ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետեւ, եթե չաներ, չէր կարող։
Մոնթեն որպես զորավար, սպա եւ հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա եւ՛ զինվոր էր, եւ՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների եւ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։
Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու ապա կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես. «Այս անգամ է հագնեմ, հետո կփոխեմ»։
Իր մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետեւ հագինը մաշված էր»։ Մոնթեն կտրուկ մերժել է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»։ Սակավապետ, ամենաքչով եւ անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում եւ պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն։ Դժգոհում էին, բայց եւ ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար։ Հիշում է նաեւ երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։ «Խնդրեց նաեւ 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր։ Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրեցի մեքենան։ Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին։ Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար։ Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։ Նեղսրտեցի՝ մեքենան՝ իմը, վարորդը՝ իմը, բենզինը՝ իմը, չե՞ս տալի։ Զայրացավ՝ չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի։ Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց՝ «Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն՝ առողջարար է»։ Ծիծաղեցի՝ նեղությունս անցավ»։
Դեռեւս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության եւ արցախահայության անվերապահ սիրո եւ պատկառանքի խորհրդանիշ։
«… Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե մարտի դաշտում, թե թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։
Ետմահու արժանացել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երեւանում եւ Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։
Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել՝ Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։

 

 

։

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button