АрмянеВсе о самом интересном..ЗанимательноеИменаИнтересные фактыЛюдиСтатьиЧтобы помнили

Հարզազրույց Պետերբուրգաբնակ գրող Լևոն Ադյանի հետ

Գոհար Մարտիրոսյան
ԶՐՈՒՅՑ ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆԻ ՀԵՏ
-Բաքվի կարոտը նվազու՞մ է։
-Ոչ, մի կաթիլ անգամ։
-Ձեզ համար դժվա՞ր է համադրել սիրելի քաղաքի կերպարն այնտեղ ապրած ցավի հետ։
-Պարզապես անհավատալի է , որ այդ ամենը տեղի է ունեցել Բաքվում։ Ես մտաբերում եմ ծանոթներիս ու մտածում՝ արդյոք, այսի՞նչը կամ այնի՞նչը դա կարող էր անել։ Ու հասկանում եմ, որ՝ ոչ։
Մենք գտնվում ենք գրող Լևոն Ադյանի վարձու բնակարանում։ Արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս՝ դպրոցից հետո տեղափոխվել է Սումգայիթ, իսկ ավելի ուշ՝ Բաքու։ Ադյանն ուղիղ քսանհինգ տարի աշխատել է Ադրբեջանի Գրողների միությունում՝ 1932 թվականից ի վեր Բաքվում լույս տեսած «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական հանդեսի արձակի բաժնի վարիչ, ապա՝ բոլոր բաժինների վարիչ, ի տեղի գլխավոր խմբագիր։ Դա՝ եթե ասենք պաշտոնական կենսագրության չորուկ փաստերով։ Իսկ դրանց ետևում, ինչպես միշտ, հարուստ հոգու տեր մարդու ոչ այնքան հասարակ կյանքի ուղին է, ով կյանքը նվիրաբերել է ուրիշի ցավն իր ստեղծագործությունների մեջ արտահայտելու գործին։ «Եվ պոեզիայի աշխարհում, և արձակում ամեն ինչ ցավից, տառապաանքից է ծնվում։ Այդ ցավի ու տառապանքի արտացոլումը, որոնք անպայման ուզում ես արտահայտել, ոգեշնչման աղբյուր է ծառայում»: Լևոն Ադյանն այդպես է պատասխանում հարցիս՝ առավել քան ճիշտ բնորոշում տալով իր ստեղծագործությանը։ Ահա արդեն երկու տարի է, ինչ այս հոդվածի հեղինակի տանը մի առանձնահատուկ գիրք է դրված։ Տիտղոսաթերթի վրա մակագրություն կա՝ դժվար ընթեռնելի ձեռագրով և տարեթիվն ու տեղը՝ Սանկտ-Պետերբուրգ։ Այդ գիրքը կարծես թե դաղում է գրադարակը, տեղից տեղ է փոխվում, ստեպ-ստեպ աչքիս է ընկնում, ձեռքս եմ վերցնում այն, թերթում եմ, երկու-երեք տող հանում միջից ու… ետ՝ դարակն եմ դնում։ Դնում եմ, որպեսզի որոշ ժամանակ անց նորից վերցնեմ, ևս մի երկու տող կարդամ ու էլի իր տեղը վերադարձնեմ։ Ես մեղքի զգացում եմ ապրում այդ չկարդացված գրքի առջև, բայց չեմ կարողանում խիզախել, որպեսզի լրիվ հաղթահարեմ այն, քանզի ես գիտեմ, թե այդ սպիտակ տպագրական թղթերի արանքում ԻՆՉ է թաքնված։ Մեղավորությունն այդ խիստ զգալի է, գրեթե շոշափելիության աստիճան։ Դա նման է մեր մեղքի զգացողությանը Բաքվի և Սումգայիթի ջարդերից հրաշքով մազապուրծ շուրջ կես միլիոն այն փախստականների առջև, ում չկարողացանք հարկին պատսպարել ու ջերմություն հաղորդել։ Դա մեղքն է այն մարդկանց առջև, որոնց մեջ, այո, հարազատ շատ դեմքեր կան, ովքեր կոնկրետ անուն ու ճակատագիր ունեն ։ Մեղքի հենց այդ զգացումով է, որ ես «Հեռացող եզերք» վեպի հեղինակի հետ հարցազրույցի գնացի, քանզի այդպես էլ չէի կարդացել այն։ Այո, ես խոստովանում եմ, փոքրոգիորեն հույս էի փայփայում հարցերով վեր հանել սյուժետային գիծը, որպեսզի հենվելու տեղ ունենայի հոդվածը գրելու ժամանակ։ Չէ՞ որ ես գիտեի, որ այն ամենը, ինչ պիտի գրեմ Լևոն Ադյանի մասին, այս կամ այն կերպ պտտվելու է այն հեռավոր, հեռացող և նրա համար հարազատ մնացած եզերքի շուրջ։ Բայց անսահման բարությամբ ու վշտով լեցուն աչքերով մարդն այդ ասաց ավելին։ «Դա իրոք հեռացող եզերք է, ավելի ճիշտ՝ արդեն հեռացած։ Դա այն մարդկանց մասին է, ում ես սիրել եմ, ովքեր թանկ էին ինձ համար։ Ես արդեն մեկ անգամ չեմ ասել, որ այնտեղ մտածածին ոչինչ չկա։ Ամբողջ վեպն իրական պատմություն է»: Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին իր վեպն Ադյանը գրել է տաք հետքերով, 1990-ին, ինքն իսկ հրաշքով ազատվելով խելագար ոհմակից։ «Ձեզ ինչպե՞ս հաջողվեց փրկվել»,- ես դարձյալ մի թույլ փորձ եմ անում՝ ստանալու իմ գլխավոր հարցի պատասխանը։ «Դա նկարագրված է վեպում:- Նա տրտում ժպտում է և խոնարհում հայացքը։- Այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, պատահական չէ. իմ խաթարված կյանքի պատմությունն է դա, իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը: Մեկը նրանցից, ով ողջ էր մնացել՝ փրկվելով այդ գեհենից, ասել է ինձ, թե նրանք, ովքեր չկարողացան դուրս պրծնել գազազած ոհմակի ճանկերից, ոչինչ չեն պատմի այլևս, իսկ նրանք, որոնց հաջողվեց կենդանի մնալ, մի բան կարող են ասել միայն՝ որ այդ դժողքից փրկվել են հրաշքով: Եվ որպես փրկվածներից մեկը՝ ես ինչ որ բան պատմել եմ այդ վեպում»։ Հեռացող եզերքը» պատմական տևական մի ժամանակահատվածի վավերագրությունն է, ուր ներառված է 80-ականների վերջին բռնկված Արցախյան շարժումն իր պահանջատիրությամբ, ինչի արդյունքում ադրբեջանահայությունը հայտնվում է անմարդկային ահավոր մի գեհենում, ու նրա խոշտանգված վերջին ծվենները սփռվում են աշխարհով մեկ՝ օտարված հայրենի եզերքից, որ մի ժամանակ նրանց ծննդավայրն ու հայրենի բնօրրանն էր: Գիրքը, ինչպես որ նրա հերոսները, ծանր ճակատագիր է ապրել։ Այդ մասին Ադյանը պատմում է ոչ պակաս ցավով, քան նրանում նկարագրված բուն իրադարձությունների մասին։ «Երբ ավարտել էի վեպը, ինձ թվում էր, թե այն անմիջապես հրապարակվելու է, և դա կդառնա կարծես թե ապտակ ի պատասխան նրանց, ովքեր բազմահազարանոց ամբոխի մեջ, զանգվածային լրատվության միջոցներում, առանձնապես հանրապետական հեռուստատեսությամբ մշտապես պտտում էին հակահայկական հիստերիայի պարույրը, բորբոքում ազգայնամոլական կրքերը՝ երիտասարդությանը և դեռահասներին բացահայտ սադրելով կողոպուտների, ջարդերի ու չարագործությունների»: Սակայն գրողը ստիպված էր խորը հիասթափություն ապրել, կորցրած եզերքի ցավը կարծես թե բոլորի ցավը չէր. հայությունը չի դրսևորել, էհ, ասենք՝ հիմա էլ հարկ եղած հետևողականություն չի դրսևորում մեր այդ համազգային ողբերգությունը քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու համար։ Քսանհինգ տարվա ընթացքում չի գտնվել գեթ մեկը, ով օգներ, որպեսզի անհրաժեշտ տպաքանակով լույս տեսնի վեպը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից և Հայաստանի Գրողների միությունից, ուր ուղարկվել էր ձեռագիրը, այդպես էլ ոչ մի պատասխան չի հետևել։ Միայն Քարին տակ հերոսական գյուղի բնակչուհի Գոհար Հովհաննիսյանի ու նրա մոր նախաձեռնությամբ է, որ գիրքը, թեպետ ոչ մեծ տպաքանակով, տպագրվեց Ստեփանակերտում։ Եվ միայն 2017թ. սկզբներին, շնորհիվ ռուս բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովի, ով կազմակերպեց միջոցների հավաքագրում, հնարավոր եղավ վեպի ռուսերեն լեզվով հրատարակությունը Ռուսաստանում։ «Երկար տարիներ անց ռուսալեզու ընթերցողը զարմանքով իմանում է ամբողջ ճշմարտությունը, քանզի գրքում, կրկնում եմ, ուրիշ բան, բացի ճշմարտությունից, չկա։ Այնտեղ իրոք ներկայացված է այդ ժամանակաշրջանի իրական, ճշմարտացի պատկերը։ Իմ հերոսները, ովքեր ներկայացնում են տարբեր ազգային հանրություններ և բնակչության սոցիալական շերտեր, հանդես են գալիս իրական անուն-ազգանուններով, ինչը և առավել մեծ հավատ է ներշնչում այն պատումի իրական լինելու, հավաստիության նկատմամբ, ինչի մասին մենք խոսեցինք հիմա», -բացում է Լևոն Ադյանն իր գեղարվեստական մտահղացումը։ Գրողն իր գրքերի ողջ տպաքանակը բաժանում է անվճար։ Նա այդպես է վարվել նաև Ստեփանակերտում լույս տեսած վեպի նախորդ փոքրաթիվ օրինակների հետ։ Ադրբեջանի հայության ցավն առաջին ողբերգությունը չէր, որին արձագանքել է գրողի զգայուն սիրտը։ Բաքվի և Սումգայիթի ջարդերից շատ առաջ նրա ստեղծագործություններում արտացոլվել են հայրենի Արցախի բնակիչների տառապանքները, որոնք ակամա ճաշակել է նաև ինքը։ «Հայրենական պատերազմից հետո մենք արդեն շատ բան էինք հասկացել։ Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից, նրա գերակշիռ թվաքանակով բնակչությունից քիչ մարդ է պատերազմ գնացել։ Մինչդեռ Ղարաբաղից, որ ուներ հարյուր հիսուն հազարից պակաս բնակչություն, պատերազմ է գնացել քառասուն հազար մարդ, նրանցից քսան հազարը չի վերադարձել։ Ես տեսել եմ տառապանքներն այն ծնողների, ում որդիները չեն վերադարձել մարտադաշտից, նրանց զավակների՝ իմ հասակակիցների տառապանքները։ Նրանք կոտր ընկած և ընկճված էին, ոչինչ չէին ստանում պետությունից։ Եվ դա ինձ ստիպել է գրել նրանց մասին, կարծես թե դրանով իսկ ես ցանկանում էի սփոփել նրանց, թեկուզ իրականում ինքս ինձ էի սփոփում՝արտահայտելով և ապրելով ուրիշի ցավը։ Գրողի առաքելությունը փոքր ինչ նման է բժշկի առաքելությանը, ով բուժում է հիվանդին՝ կիսելով նրա ցավը»: Գրողը ստիպված էր ականատես լինել հայրենի Արցախի հայաթափմանը ոչ միայն հետպատերազմյան տարիներին։ 1950-1955 թվականներին Արցախի երիտասարդության ավելի քան քսան հազար ներկայացուցիչների հավաքագրել էին, որպեսզի կառուցեն Սումգայիթը, Մինգեչաուրը, Ալի Բայրամլին։ Նա դա անվանում է Ղարաբաղի պետական մակարդակով կազմակերպված հայաթափում։ Իրավիճակը խորացել էր նրանով, որ յուրաքանչյուր մեկնող հետագայում իր մոտ էր տանում եղբայրներին ու քույրերին։ Միևնույն ժամանակ, ինչպես վկայում է Ադյանը, ով դպրոցն ավարտելուց հետո նույնպես մեկնել է Սումգայիթ, իսկ հետո՝ Բաքու, որտեղ աշխատել է երկար տարիներ, հասարակ ադրբեջանցիների կողմից խտրականություն չի նկատել: Ոմանք նույնիսկ ներողություն են խնդրել սումգայիթյան ջարդերից հետո։ «Բայց հետագայում՝ հակահայ քարոզչության արդյունքում, ամեն ինչ փոխվեց»,- ցավով հիշում է նա։ Դրա հետ մեկտեղ, գրողը խոստովանում է, որ ձգտել է խնայել ընթերցողների զգացմունքները և չի նկարագրել այն սև օրերին Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած մղձավանջի բոլոր դետալները։ Ինձ տանջող հարցերից մեկն եմ տալիս. նախադրյալներ կայի՞ն, ադրբեջանահայերն զգացե՞լ են, որ իրենց դեմ ոճիր է նյութվում։ Ու ստանում եմ արդեն քանիցս լսած պատասխանը. ոչ, հայերը ոչինչ չէին կասկածում։ Եվ միայն հետո է պարզվել, որ գործարաններում ամրաններ են պատրաստվել, որ բնակշահագործման գրասենյակները նախապես կազմել են ինչպես Սումգայիթում, նույնպես և Բաքվում ապրող հայերի ցուցակները՝ ճշգրիտ հասցեներով և այլն։ «Օրինավոր մարդը մինչև վերջին պահ չի հավատում անարդարությանը,ասում է Ադյանը: -Դրան միայն ստորներն են պատրաստ։ Ես մեզ՝ հայերիս, համեմատում եմ Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի հերոսների հետ։ Մանուկ ժամանակ մենք Գիքորին ենք հիշեցնում, իսկ հասակ առնելով, սկսում ենք նմանվել Համբոյին։ Նույն զուլալությունն ու միամտությունն է։ Դրանք մեզ ստիպում են մշտապես մտածել, որ մեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Բայց այն պատահում է, և վերստին զոհ են դառնում զուլալ և օրինավոր մարդիկ» ։ Ադյանի կարծիքով՝ օգտակար կլինի, որպեսզի իր «Հեռացող եզերք» վեպը կարդան նաև հայրենի հողի պաշտպանները։ Այն կօգնի հասկանալ, որ հայրենի հողը կորցնելուց հետո նրանք այլևս կորցնելու բան չեն ունենա։ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում ծնված Ադյանը հուզմունքով է հետևում Արցախի և Ադրբեջանի շփման գծում ծավալված իրադարձություններին։ Նա համոզված է՝ տարածքային զիջումները, ինչի մասին այդպես համառորեն խոսվում է ներկայումս, լրիվությամբ կխաթարեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համակարգը։ «Եթե մենք մի թիզ հող անգամ զիջենք, ապա նրանք կանգ չեն առնի, քանզի Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախն է, այլև Զանգեզուրը, որպեսզի հետո Մեղրու և Նախիջևանի միջոցով միավորվեն Թուրքիայի հետ և կենսագործեն Մեծ Թուրանի ստեղծման իրենց վաղեմի երազանքը,- ասում է նա և, որոշ դադարից հետո, ավելացնում,- Մենք Արցախում կորցրել ենք ավելի քան վեց հազար հայորդիների։ Ովքե՞ր են պատասխան տալու այդ տղաների արյան, մեր ավերված գյուղերի, խորտակված ճակատագրերի համար, եթե մենք զիջումների գնանք»։ Արցախցի գրողի հարցը, մի մարդու, ով ամեն ինչ կորցրել է այս կյանքում և իր ստեղծագործությունների էջերում պահպանել հայրենի Արցախում և երբեմնի սիրելի Բաքվի հեռացող եզերքում ապրած ցավի հիշողությունը, կախվում է օդում։
Գոհար Սարտիրոսյան, Սանկտ-Պետերբուրգ.

16:05

Տեքստը ՝ Levon Adyan ֆեյսբուքյան էջից

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button