
Համշենում համշենահայեր փնտրելիս
Քաջքար լեռան վերելքից հետո ուղևորվում ենք Համշեն՝ Քաջքարի ծովահայաց լանջերին գտնվող տարածք, որը ժամանակին հայաբնակ է եղել, իսկ այժմ այնտեղ այլ ազգերի հետ մեկտեղ ապրում են նաև էթնիկ հայեր, որոնք 18-19-րդ դարերում բռնի մահմեդականացվել են:
Պատմիչ Ղևոնդի վկայությամբ 8-րդ դարում Մեծ Հայքի Կոտայք և Արագածոտն գավառներից մոտ 12000 մարդ, չդիմանալով արաբական ճնշումներին, Աբաս Ամատունու և նրա որդի Համամ իշխանի գլխավորությամբ հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում Բյուզանդական կայսրության մաս կազմող Պոնտոսում:
Բյուզանդիայի կայսր Կոնստանտինը սիրով ընդունում է հայերին, բնակեցնում բարեբեր հողերում, իսկ հայ նախարերներին է նվիրում Տամբուր քաղաքը, որը կարճ ժամանակ անց հիմնովին ավերվում է պատերազմներից: Համամ Ամատունին այն վերականգնում է և կոչում Համամշեն (Համշեն):
Համամ Ամատունու հիմնդրած իշխանությունը տևեց մինչև 15-րդ դար: Այն Բյուզանդական, հետագայում նաև Պոնտական կայսրության կազմում ուներ կիսանկախ դրություն:
Օսմանյան կայսրության ստեղծումից կարճ ժամանակ անց հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ սկսվեց վարվել անհանդուրժողական քաղաքականություն, որը հաճախ հանգեցնում էր պատերազմական գործողությունների:
Օսմանյան կայսրությունը ամեն կերպ փորձում է մահմեդականացնել այս տարածքները: 19-րդ դարի կեսերից սկսվում է քրիստոնյա համշենահայերի արտագաղթը դեպի Ռուսական կայսրության ծովափնյա շրջաններ:
Այսպիսով համշենահայերը բաժանվեցին 2 մասի
- Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր
- Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր
Համշենահայեր
Զիլ ամրոցն ուսումնասիրելուց հետո սկսեցինք համշենահայերի փնտրտուքը: Մի քանի հոգուց հարցուփորձ անելուց հետո հասկացանք, որ հայերին հանդիպելու համար պետք է գնանք Չեմլիհեմշին (Վերին Համշեն): Զիլ ամրոցից Չեմլիհեմշին հասնելու համար պետք էր շրջանցել լեռաբազուկը, այսինքն պետք էր հասնել ծովափ և մյուս ձորով ուղևորվել դեպի Չամլիհեմշին: Մենք նախընտրեցինք լեռնային ճանապարհը, որն ավելի կարճ էր ու արկածային:




