АрцахВоенные действияНовостиоб Армении

Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ․ Արայիկ Հարությունյան

Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով՝ անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի:

Հաղթանակը մերն է լինելու՝ շեշտել է հայկական երկրորդ հանրապետության նախագահը՝ հպարտության և շնորհակալություն խոսքեր հղելով մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու և պատրաստականության համար, ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար:

Նշենք՝ գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները շարունակվել են, վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ։

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակված ինտենսիվ մարտական գործողությունների,ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր:

Երեկ երեկոյան հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ հակառակորդը 200-ից ավելի զոհ, 4 ուղղաթիռի, 27 անօդաչու թռչող սարքի, 33 տանկի և հետևակի մարտական մեքենաների կորուստ ունի։ Բացի այդ, նշենք՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա-3։

Հայկական կողմը 31 զոհ ունի։

Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն և զորահավաք։

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button