«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելն ունի խորքային պատճառներ. Ռուսական կողմը ձեռք է բերել հերթական ապացույցը Փաշինյանի կողմից երկակի-եռակի խաղեր խաղալու վերաբերյալ։
Պաշտոնապես նրա մասնակցությունը պատճառաբանվեց հոր մահվան հանգամանքով։ «Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնել էին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սակայն հոր մահը չխանգարեց, որ նա դեկտեմբերի 19-ին երթ կազմակերպի ու Եռաբլուրը անարգի։
Ինչպես հայտնել էինք, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, արեւմտամետ հայացքներով հայտնի Հայկ Խանումյանը կոչ էր արել դեկտեմբերի 12-ին հավաքվել Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է, իր խոսքով, պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Այսինքն՝ ոչ թե Հայաստանի ու Արցախի կառավարությունից էին պարզաբանում պահանջում, այլ ռուս խաղաղապահներից։ Ռուսական կողմի տվյալներով՝ ակցիայի նախաձեռնությունը բխել է Երեւանից, որն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի միջոցով։ Ըստ այդ տեղեկությունների՝ ռուսական կողմին հասանելի է դարձել Փաշինյանի ու Արսեն Խառատյանի միջեւ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ տեղյակ են, որ Փաշինյանը փորձում է հակառուսական տրամադրությունները խորացնել Հայաստանում, ինչից հետո Փաշինյանին ոչինչ չի մնացել, քան ընդհանրապես մեկուսանալը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն այլեւս չունի Պուտինի հետ ուղիղ կոնտակտի հնարավորություն։
Աղբյուր` Փաստինֆո