Авторская программаЖизнь замечательных людей..ИменаКультураМузаСовременники

МУЗА — Наши современники: Писатель — Тадевос Цпнецян

 

Ինքնակենսագրություն

    Քսանհինգ տարեկան եմ: Սովորում եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում:  Ապագայում կընտրեմ այն ոլորտը, որում այս պահին արդեն աշխատում եմ ուսմանս հետ համատեղ` անզգայացում — վերակենդանացում։ Հիմա «կռիվ եմ տալիս» COVID վերակենդանացման բաժանմունքում։ Անում եմ հնարավոր ու անհնար ամեն բան մարդկային կյանքերը պահպանելու համար։
Արդեն հասցրել եմ մաշկիս վրա զգալ երկու պատերազմ: 2016թ.-ին ժամկետային զինծառայող էի, երբ սկսվեց պատերազմը: Իսկ 2020թ. Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրվանից միացել եմ նախ կամավորական աշխատանքներին, ապա՝ զորակոչվել:
Ստեղծագործում եմ վաղ տարիքից: Բանակային տարիներին գրված գրերս, ցավոք, թղթին մնացին։ Հորդ անձրևը Ջրականում ձեռագրերս հասցրեց մինչ մայր Արաքս։
Սիրում եմ արվեստն իր բոլոր դրսևորումներով, իսկ գրականության մեջ ինձ զգում եմ ազատ ու թեթև: Անկեղծանում եմ գրչիս հետ ու իմ տիեզերքից բաժին հանում ընթերցողիս համար։ Ես գրում եմ գրելու համար, և ոչ թե գովասանքի կամ ծափերի: Գրում եմ, քանի որ այդպես խաղաղվում եմ։ Ընթերցանությունն իմ հոբբին է, իսկ երաժշտությունը՝ իմ խաղաղության հենասյուներից մեկը։


1. Ի՞նչ է քեզ համար գրականությունը, ու, երաժշտական տերմիներով արտահայտվեմ՝ որ լադի վրա ես քեզ զգում ստեղծագործական ասպարեզում: Դու գտե՞լ ես քո դիապազոնը, շրջանակը։

Գրականությունն ինձ համար, համաշխարհային արվեստի զարկերակն է: Գրականության մեջ՝ պոեզիան՝ այդ զարկերակի թթվածնի չափաբաժինը։ Ցանկացած օրգանիզմ ունի թթվածնի ծավալի իր պաhանջարկը։

2. Կարո՞ղ ես նկարագրել բանաստեղծության քո ընկալումը։
Բանաստեղծությունն ինձ համար հույզի ու զգացմունքի, երջանկության ու հոգևոր ներդաշնակության հունցքն է՝ նախանյութը հանճարեղի։

3. Համացանցը՝ որպես հարթակ՝ ճանաչմա՞ն, ինքնահաստատմա՞ն, թե՞…
Համացանցն օգտագործել ինքնահաստատման համար, անշուշտ, տխմարություն կլինի: Ցավոք՝ շատերի ապրելակերպն ու օրվա անբաժանելի մանս է այն։ Որքան էլ հեղինակը դեմ լինի համացանցային ճանաչման ձևաչափից, եթե գրում ես ու հրամցնում քո անձնական տիրույթում, որը հասանելի է որոշակի զանգվածի, դու, մեխանիկորեն, այդ հարթակում ճանաչում ունենում ես․․․ ուզես թե չուզես…
Համացանցն իր հազարավոր թերություններից զատ, ինձ համար ունի մի դրական կողմ թերևս` ծանոթություններ, որոնցից կարող են սկսվել նոր ընկերություններ, շփումներ ու սերեր…

4. Նկարագրիր քեզ՝ որպես մարդ։ Պատմիր քո մասին։
Տեսակով համբերատար եմ, զուսպ, հավասարակշռված։ Բազմաթիվ նախասիրություններ ունեմ։  Կառանձնացնեմ լավ ընթերցող լինելու փաստը։ Գրելուց զատ՝ հազարապատիկ անգամ հանգստանում եմ ընթերցանության միջոցով, լինի մասնագիտական թե գեղարվեստական։ Ապագա բժիշկ եմ, այս պահին ուսումս համատեղում եմ վերակենդանացման բաժանմունքում աշխատանքի հետ COVID բաժանմունքում։


5. Նկարագրիր քեզ՝ որպես ստեղծագործող։

Ես հրաժարվում եմ ինձ գրող կոչելուց։ Գրելն ինձ համար արտահայտչամիջոց է, հույզերի ու հոգևոր փոթորիկների փարոս։ Գրիչս իմ միակ անտրտունջ հոգեբանն է։
Ավելին՝ նման կոչումներ ստեղծագործողին տալիս են ընթերցողը, ժամանակն ու թողած գրականությունը:

6. Առաջին արարումդ։ Ո՞վ կամ ի՞նչը դրդապատճառ եղավ։ Երբ գիրը հասնում է ընթերցողին, արդեն քոնը չի։ Այն, ինչ-որ առումով, դառնում է բոլորինը։ Ինչո՞ւ որոշեցիր աշխարհի հետ կիսվել քո աշխարհով։
Առաջին անգամ ստեղծագործել եմ 2011թ. — ին, Հայ գրայանության դասաժամին, երբ ուսուցչուհուս հետ փոքրիկ զրույց ունեցա ժամանակակից ու դասական գրողների, նրանց ստեղծագործությունների մասին։ Ակրոստիքոս եմ գրել։  Արագ ու հանպատրաստից։ Հետո` դպրոցում: Կազմակերպվող միջոցառումներին ինձ հրավիրում էին մեկ պայմանով՝ որ ներկայանամ իմ ստեղծագործություններով։ Իմ ստեղծագործություններն իմ լռության մի փոքրիկ մասն են։ Ես հազարավոր տողերով երբեք չեմ կիսվել ու դժվար էլ թե կիսվեմ։ Իսկ այն, ինչ հասնում է ընթերցողին, դա նաև նրան է պատկանում։ Բառը քոնն է, քանի դեռ չես ասել կամ գրել։ Հետո դու ես դառնում նրանն ու հաշվետու ես ամեն տառի, ամեն կետադրական նշանի համար։ Աշխարհի հետ ցանկացա կիսվել իմ աշխարհով, քանի որ մեզնից յուրաքանչյուրը ինչ որ գույն է այս աշխարհում, ու տիեզերքը գեղեցկանում է հենց այդ գույներով։

7. Որտեղի՞ց ես եկել։ Ո՞ւր ես գնում։
Այս կյանք եկել եմ Բարձրյալի կամոք ու իմ ամեն քայլով փորձում եմ ճանապարհ հարթել դեպի Բարձրյալը։

8. Ո՞վ է քո ընթերցողը. գրելիս մտածո՞ւմ ես նրա մասին:
Իմ ընթերցողն իմ անկեղծության ունկնդիրն է։ Միշտ մտածում եմ բառի ու ընթերցողիս մասին։ Դե, բնականաբար առաջնահերթն ընթերցողն է։ Նա է ինձ ներշնչում «մրոտել» թուղթը։

9. Հանգավորումը բանաստեղծության մեջ ու նրա կարևորության աստիճանը։
Ստեղծագործելով և արձակ, և չափածո ձևաչափերում՝ դժվարանում եմ ասել, թե որն է ավելի հոգեհարազատ: Պատճառը երևի մեկն է` վաղուց դադարել եմ գրել հանգերով։ Ինքնահոսիս հետ մաքսիմալ անկեղծ եմ ու չեմ կաղապարում հանգերով…

10. Ինչպե՞ս ես գնահատում լեզվի նշանակությունն ու դերը։ Ի՞նչ է լեզվի հարստությունը, ճկունությունը։ Ի՞նչ է պահանջվում լեզվի նկատմամբ հոգատար լինելու համար։
Լեզուն մարդկային գոյության հենասյունն է։ Լեզուն ապրելու ու պայքարելու ամենակարևոր գործոնն է։ Լեզվի նկատմամբ հոգատարության իմ դրսևորումը ընթերցելն է, հենց Լեզուն ճանաչելը։

11. Գրաքննության շրջանը…որպես իր գոյությանն ուղղված սպառնալի՞ք։ Ի՞նչ կասես։
Գրաքննությունն ու առողջ քննադատությունը պարարտ հող են լեզվի զարացման ու ինքնանորացման համար, եթե դրանք առողջ են…



12. Դու գո՞հ ես քո ձեռքբերումներից: Ի՞նչ կասես շնորհանդեսի վերաբերյալ, որը տեղի կունենա դեկտեմբերի 23 — ին։
Գրական ասպարեզում իմ ձեռքբերումերից գոհ եմ։ Ունեմ հրաշալի ընթերցող, ովքեր միշտ անկեղծ են իմ ստեղծագործությունները գնահատելիս։ Առաջին գրքիս սպառման արագությունը ինձ ևս մեկ անգամ փաստեց, որ ես հաջողակ եմ նաև գրականության ասպարեզում, ինչպես կյանքի մնացյալ ճանապարհներում։ Ամսի քսաներեքին կկայանա իմ երկորդ գրքի՝ «Ան_Րիա»_յի՝ հոգեզավակիս շնորհանդեսը։ Գիրքը սիրո ու երջանկության, հույզերի ու զգացմունքների բախուխմներով տարված զուգահեռների մի ամբողջություն է։ Այս գիրքը ամբողջությամբ սիրաշաղախ է, ինչպես սիրում է անվանել խմբագիրը։ Անսահման սիրո թրթիռով սպասում եմ այդ օրվան։ Նմանը չունեցող արարողություն է այն ինձ համար։

Մեր կայքի հյուրն էր մեր ժամանակակիցը՝ ստեղծագործող Թադևոս Ծպնեցյանը։ Հաճելի էր շփվել համեստ, նպատակասլաց, գրագետ, զգայուն, նրբանկատ, զարգացած երիտասարդի հետ, ում համար չկան փակ դռներ, քանի որ նրան առաջ մղող ուժը բարի է, նրանից հորդացող ջերմությունը՝ լույս։
Մի գաղտնիք բացենք՝ մեկ ամսվա ընթացքում հասցրել է երկու անգամ արյան դոնոր լինել։ Բացասական առաջինի սուղ կարիքը կար կռվի առաջին իսկ օրվանից։
Ապագա բժիշկ, ում ժպիտի գրավիչ հոսանքին չի կարող չենթարկվել այն աշխարհը, որ հենց իրենից է հորդում ու դառնում տիեզերք։
Թադևոսն աչքի է ընկել Հոգևոր, կրթագիտական, մշակութային, հասարակական «Վարդանաք» թերթում և «Առավոտ» օրաթերթում։ 2019թ -ին տպագրվել է «Մեռնող սլաքներ» վերնագրով նրա փաստավավերագրական վեպը հայոց բանակի ու ապրիլյան պատերազմի մասին։

Դեկտեմբերի 23ին, ժամը 19:00 սիրով բոլորիդ հրավիրում ենք Friend’s House, Թադևոս Ծպնեցյան-ի գրքի շնորհանդեսին։ Մուտքն անվճար է։

 #Առաջին_խոսքերն_Ան_Րիայի_մասին
#Անկեղծանում_է_խմբագիրը՝ Գայանե Մկրտչյանը
ՍԵՐԸ՝ ՀԱՎԱՏԱՄՔ
Աննկարագրելի ու անբացատրելի հրաշք է սիրո մասին գրելը, երբ գրում ես ոչ թե թղթին, այլ կնոջ սրտում… Թադևոս Ծպնեցյանի բանաստեղծությունները սրտագրեր են՝ ներշնչված սիրելի աղջկա ժպիտից ու աչքերից: Նա գրում է՝ ապրելով սիրո հրաշքը և այդ ապրումը բառե հանդերձով ներկայացնում ընթերցողին: Այդ հանդերձն անկաշկանդ է և մինչև լուսին հասնող թևեր ունի: Դրանով նրա զգացմունքն ազատ ճախրում է տողերի մեջ և տողերից դուրս՝ դեպի սիրելիի բաղձալի պատուհանը: Սիրուց ծնված ամեն բան հաճելի է մարդկային սրտին ու մտքին, իսկ երբ ծնվածը բանաստեղծություն է, այն վկայում է հեղինակի նրբազգաց հոգու մասին և դառնում կրկնակի գնահատելի ու փայփայելի:
Թադևոսի գիրն ամբողջովին ներծծված է սիրով ու երկրպագությամբ: Պաշտելով սիրելիին՝ նա իր երախտիքն է հայտնում Տիրոջը՝ նրա օրհնությանն ու մեծագույն պարգևին արժանանալու համար: Չէ՞ որ սերն է կյանքը ոսկեզօծում, իմաստավորում իր կենսաբեր թրթիռներով ու մղում առաջ՝ նվաճելու անիմանալին ու անհասը: Ասացին՝ սրտիս համար հաբեր խմեմ, փոխարենը ես քեզ ներարկեցի… Հիմա ինձնից առողջ ոչ ոքի չգիտեմ…
«Ան_Րիա» խորհրդավոր վերնագրով այս գիրքը գալիս է հաստատելու այն անհերքելի ճշմարտությունը, որ սիրուց զորավոր ոչինչ չկա, և սերն է ակունքը արարումի:

 

Источник: nashaarmenia.info

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Back to top button