ИменаИсторические персоныЛюдиХристианствоЧтобы помнили

Այսօր Վազգեն Առաջին կաթողիկոսի հիշատակի օրն է

«Դեռ 1994 թվականի գարնանից լուր տարածվեց, որ կաթողիկոսը ծանր հիվանդ է: Գնալով լուրերը ճշգրտվեցին, իսկ օգոստոսին օրեցօր մոտենում էր վախճանը: Բժիշկները արգելել էին հիվանդին այցելելը: Այնուամենայնիվ ես փորձեցի այցելել և Վեհափառի հավատարիմ սպասավոր, ողջ ընտանիքով սրտաշարժորեն իր խնամյալին նվիրված Ազատի միջոցով ստացա Վեհափառի համաձայնությունը:

Հիվանդը պառկած էր առաձնատան առաջին հարկի փոքրիկ ննջասենյակում: Բարևս ընդունեց գլխի հազիվ նկատելի մի շարժումով: Հայացքը մարած էր, անհաղորդ: Նստել էի մահճակալի կողքին և չգիտեի’ ինչ խոսեմ: Ինքն էլ չէր խոսում: Ուժերս հավաքելով’ հազիվ կարողացա արտաբերել.

— Վեհափառ, ոչինչ չունե՞ք ինձ ասելու:

— Ոչինչ,- եղավ պատասխանը, ու նորից լռություն:

Հեռանում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը’ մեր Վեհափառը, աշխարհից, մեզնից, ինքն իրենից: Վերմակի վրա անզոր ընկած էր ձեռքը՝ գունատ, գեղեցիկ, ազնվական ձեռքը, որ պահ առ պահ դադարում էր Կաթողիկոսի աջ լինելուց…

… Ես այդպես էլ չհամբուրեցի այդ աջը, երբ ավյունով լի էր, կենդանի, բաբախուն: Ամեն ձեռքսեղմումի խոնարհվում էի, երկյուղածությամբ մի պահ համենում էի այդ ձեռքի վրա, բայց չգիտես ինչու, հակոտնյա դաստիարակությո՞ւնս էր պատճառը, ներքին հավատավոր մղումի պակա՞սը, ուրեմն և ինչ-որ տեղ ձևանալու և դրանո՛վ իսկ դիմացինին վիրավորելու մտավախությո՞ւնը,- չէի համբուրում: Մինչև օրս էլ զղջումի, ափսոսանքի բարակ մի ցավ է երկարում իմ սրտում’ ինչո՞ւ չէի համբուրում: Մինչդեռ ութսունվեցամյա կյանքիս ընթացքում անթիվ, անհամար ձեռքսեղմումների ու ողջագուրումների մեջ դա այն ձեռքն էր, որ պետք է համբուրեի:
Միակ համբուրելի ձեռքը»:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Գրառումը՝ Լուսինե Զաքարյան ֆեյսբուքյան էջից

 

Статьи по Теме

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button